Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից։
«Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին` մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։
Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի։
Փա՜ռք Վարուժանին և բոլոր նահատակներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։