ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից։
Որոշման մեջ նշվում է, որ Կուսակցության 2022 թվականի տարեկան հաշվետվության ստուգման և աուդիտի արդյունքում վերհանված տվյալներով պարզվել է, որ Սուրեն Պապիկյան կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածը։ Ըստ հոդվածի 7-րդ կետի՝ կուսակցությունը բոլոր դրամական վճարումները կատարում է անկանխիկ հաշվարկներով։
Հանձնաժողովը այս տարվա ապրիլի 1–ին կուսակցությանն է ուղարկել գրություն, որով խնդրել է կուսակցության 2022 թ. բոլոր բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2022 թ. ընթացքում իրականացվել է ընդհանուր 11 մլն 387 հազար դրամի կանխիկացում։
Հանձնաժողովը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կանխիկացումները եղել են բանկոմատների միջոցով: Միաժամանակ կուսակցության բանկային հաշվի քաղվածքների ուսումնասիրությամբ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտային ենթադրելու, որ այդ կանխիկացված դրամական միջոցները հետագայում մուտքագրվել են կուսակցության բանկային հաշիվներին։