Ի՞նչ լիազորություններ ունի ՀՀ նախագահը և ինչքա՞ն աշխատավարձ է ստանում

2022 թվականի մարտի 3-ին Վահագն Խարատուրյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

ՀՀ սահմանադրությունը սահմանում է, թե ինչ լիազորություններ ունի երկրի նախագահը։

Iravaban.net-ը հայտնում է, որ ըստ Սահմանադրության 131-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Սահմանադրության 132-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում։

Այսպես՝

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Հանրապետության նախագահը լիազորություններ ունի նաև Զինված ուժերի բնագավառում։ Սահմանադրության 133-րդ հոդվածը սահամնում է՝

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Ըստ 134-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, ըստ 135-րդ հոդվածի։

Ըստ 136-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:

137-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:

«ՀՀ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ըստ որի՝ ամենաբարձրը ՀՀ նախագահինն է՝ 20։

2023 թվականից բազային աշխատավարձը դարձել է 83 հազար 200 դրամ։ Ստացվում է, որ ՀՀ նախագահը ստանում է  1 մլն 664 հազար դրամ՝ հարկերը ներառյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել