Շուրջ 6 ամիս է՝ գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» առցանց հարթակը, որի միջոցով էլ պետք է կազմվեն և դատարան ներկայացվեն նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով)։
Փաստաբան Մարիամ Ղուլյանը Iravaban.net-ի հետ զրույցում դրական գնահատեց համակարգի ստեղծում, նշեց, որ խնդիրները,, որոնք հետ բախվել է համակարգի գործարկման ընթացքում, հիմնականում տեխնիկական է․ «Ամենամեծ խնդիրն այն է, որ մի ամբողջ օր համակարգը կարող է չաշխատել»։
Համակարգն ունի երկու տիրույթ՝ արտաքին և ներքին։ Յուրաքանչյուր տիրույթ մուտք գործելու հնարավորությունը կախված է օգտատիրոջ իրավասությունից։ Համակարգի արտաքին տիրույթը հասանելի է հանրությանը, իսկ ներքին տիրույթ մուտք հնարավորություն ունեցող անձանց շրջանակը կարգաբերվում է Համակարգի ադմինիստրատոր(ներ)ի կողմից։
Անձը դատավորի կարգավիճակով կարող է մուտք գործել Համակարգ միայն ներքին տիրույթում նույնականացվելու միջոցով։ Արտաքին տիրույթում նույնականացվելու դեպքում դատավորը հանդես է գալիս որպես սովորական քաղաքացի և կարողանում է կատարել այն գործողությունները, որոնք կատարվում են քաղաքացիների կողմից (օրինակ՝ ներկայացնել հայց, տեսնել այն գործերի ցուցակը, որով նա ներգրավված է, որպես գործին մասնակցող անձ և այլն)։
«Հայցադիմումը մուտքագրելու ժամանակ կարող է հայցային վաղեմության և այլ ժամկետների հետ կապված խնդիրներ լինեն, սակայն համակարգը չաշխատի։ Նույն, էլեկտրոնային եղանակով նաև պատասխաններն են ներկայացվում, դրանք էլ ունեն հստակ ներկայացման ժամկետներ։ Կարող է ուղղակի վերջին օրը լինել, իսկ համակարգը կարող է չաշխատել։ Սրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար այլընտրանքային ճանապարհներ են փորձում գտնել փաստաբանները»,-նշում է Մարիամ Ղուլյանը։
Հավելենք, որ գործարկված Էլեկտրոնային քաղաքացիական դատավարությունը Էլեկտրոնային արդարադատության մի մասն է։
Հարթակը գործում է https://cabinet.armlex.am/ հղումով։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: