Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով:
Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.
«Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական այցի շրջանակներում: Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Ամիսներ առաջ իմ գործընկեր դոկտոր Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին ընդունել ենք Երևանում՝ Իրաքի Հանրապետության նախագահի պատմական այցի շրջանակներում: Այսօր իմ այցն Իրաքի Հանրապետություն ևս մեկ պատմական ձեռքբերում է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, որը վկայում է Հայաստանի և Իրաքի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Նախագահ Ռաշիդի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում քննարկել ենք հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Գոհունակությամբ արձանագրել ենք վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և մեր երկրների միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչություններ աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն, ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ատիվ մասնակցությունը:
Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ ընդգծել ենք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը:
Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը:
Անդրադարձ ենք կատարել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին՝ արձանագրելով երկուստեք հետաքրքրություն զարգացնելու կապերն այս ոլորտներում:
Հայ-իրաքյան հարաբերությունների համա-տեքստում կարևորել ենք Իրաքի հայ համայնքի դերակատարումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել բարեկամ Իրաքի ղեկավարությանը և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ապաստան տրամադրելու, ազատ ապրելու և ստեղծագործելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Իրաքի հայերը մշտապես եղել են Ձեր երկրի լիիրավ քաղաքացիներ՝ իրենց տաղանդներով և կարողություններով նպաստելով Իրաքի բարգավաճմանն ու զարգացմանը:
Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա:
Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին՝ իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու և բարեկամական միջավայրում քննարկումներ անցկացնելու համար»: