Վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հրապարակված տվյալների՝ սկսած 1994 թվականից, ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․7°C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 0․7°C-ով:
1935-2023թթ․ ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում։