Դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը մերժել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է փետրվարի 6-ին։

Պատասխանողի ներկայացուցիչները գտնում են, որ անհրաժեշտ է գործի վարույթը կասեցնել մինչև Հրայր Թովմասյանի մասնակցությամբ քրեական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը, քանի որ քրեական գործով հաստատվելու կամ հերքվելու է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքը և Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը հանդիսանում են փաստացի Հրայր Թովմասյանին պատկանող գույք։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ  նշված գույքերի՝ պատասխանողին փաստացի պատկանելու հանգամանքը այս վարույթի շրջանակներում հիմնավորման ենթակա փաստ է, և եթե հայցվոր կողմի վրա դրվի նշված փաստն ապացուցելու պարտականություն, ապա կներկայացվեն համապատասխան ապացույցներ։

Նաիրա Արտաշեսյանը նշել է նաև, որ նշված գույքերի վերաբերյալ իրավասու մարմնի փաստարկները հիմնված են ինչպես քրեական գործից ստացված տեղեկությունների, այնպես էլ այդ գույքերի առնչությամբ կատարված ինքնուրույն ուսումնասիրության վրա։

Դատարանը որոշման մեջ նշել է, որ քրեական գործով Հրայր Թովմասյանին մեղադրանքը առաջադրվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար և քրեական գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացող գործի քննության համար նախադատելի նշանակություն կարող է ունենալ բացառապես անձի (սուբյեկտ) և նրա կատարած արարքի վերաբերյալ փաստերի տեսանկյունից։

Դատարանը գտնել է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքը բացակայում է, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել