Տեղեկացնում եմ, որ փաստաբան Վաչե Սիմոնյանի հետ ստանձնել ենք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Այս փուլում հարկ եմ համարում շեշտել, որ մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։
Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։
Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել։
Առայժմ կսահմանափակվենք այս հայտարարությամբ, խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ մեզանից չխնդրել, հարկ եղած դեպքում մենք ինքներս կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն` ելնելով գործի հանրային հնչեղությունից»,- գրել է նա։