Վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։ Խնդրում ենք ճանապարհ դուրս գալուց առաջ նախապես ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը»։