Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ Արցախի Հանրապետության նախագահի կողմից խորհրդակցություն է հրավիրվել, որի վերաբերյալ հաղորդագրությունում նրա խոսքից նշված է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»: Ժամեր անց Նախագահի խորհրդականը ասաց՝ «Մենք կարող ենք համարել, որ այլևս նման հրամանագիր գոյություն չունի», «Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը»:
Մի քանի դիտարկում այս զարգացումների և դրանց շուրջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների արձագանքների վերաբերյալ:
1. Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը կչեղարկվի թե ոչ, միևնույն է, այդ հրամանագիրը ի սկզբանե առոչինչ է և որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ՝ Նախագահի սահմանադրական լիազորությունների վերազանցման և այդ ակտը բռնության սպառնալիքի ներքո կայացնելու հիմքերով: Ուստի, իրավական առումով, ամեն դեպքում, հունվարի 1-ից հետո էլ շարունակելու է գործել Արցախի Հանրապետությունը, քանի դեռ ժողովուրդը այն չի լուծարել հանրաքվեով:
2. Այդ հրամանագիրը չի չեղարկվել՝ առնվազն հրապարակային կերպով, քանի որ հոկտեմբերի 19-ի հրամանագիրն այլ առարկայի մասին էր: Ուստի, Նախագահի խորհրդականը պարզապես իրավաքաղաքական վիճելի մեկնաբանություն է կատարել, իսկ Նախագահ Շահրամանյանի խոսքը հավանաբար վերաբերում էր հրամանագրի հակասահմանադրականությանը: Ամեն դեպքում, կարևոր էր նրանց կողմից պաշտոնական արձանագրումն առ այն, որ Արցախի Հանրապետությունը շարունակելու է գործել:
3. Ադրբեջանի ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի պրոպագանդիստների կողմից ագրեսիվ ու մանիպուլյատիվ արձագանքը հերթական անգամ ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես խաղաղության չեն պատրաստվում և միշտ էլ գտնելու են պատրվակներ հանցավոր, ագրեսիվ ու ապակառուցողական վարքի համար: Այսպես որ շարունակվի, չի բացառվում, որ մեկ օր էլ նրանք հայերիս մեղադրեն, որ դիտավորյալ կերպով շատ ենք շնչում Հարավային Կովկասի թթվածինը և ախտոտում ենք այն մեր ներկայությամբ:
4. Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ագրեսիվ արձագանքը անտեղի ու անընդունելի է, քանի որ Արցախի Հանրապետության իշխանությունների որևէ լիազորություն չի տարածվում ՀՀ տարածքի վրա: Հիմա մի քանի հռետորական հարց տամ նրանց, որի մասին արժե մտածել.
• Երբ որևէ այլ երկրի պաշտոնյա, օրինակ, նախագահ է ժամանում Հայաստանի Հանրապետություն և այստեղ որևէ պաշտոնական հայտարարություն է անում կամ ակտ է ստորագրում, արդյո՞ք հանկարծ ՀՀ-ում ձևավորվում է երկիշխանություն կամ ձեր որևէ լիազորություն ձեր ձեռքից վերցնում է.
• Ձեր կարծիքով՝ եթե բռնապետ Ալիևը ցանկանա ռազմական ագրեսիայի դիմել, որևէ պատրվակ գտնելու խնդիր ունի՞.
• Եթե նախագահ Շահրամանյանը սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկելու մասին նոր հրամանագիր ստորագրի վիրտուալ տիրույթում կամ մեկ այլ երկրում՝ ոչ ՀՀ տարածքում, այդ դեպքում ձեր խնդիրը կհամարե՞ք լուծված.
• Եթե դուք թույլ չեք տալիս Արցախի պետական ինստիտուտներին ու պաշտոնյաներին տարբեր հարցերում ներկայացնել իրենց ժողովրդի իրավունքներն ու շահերը, իսկ դուք էլ չեք պատրաստվում անել դա՝ հավաքական իրավունքների մասով, ապա ո՞վ պետք է այդ հարցերով զբաղվի.
• Մինչև ո՞ր կետն եք պատրաստվում զիջել ադրբեջանական ցեղասպանական իշխանություններին՝ պարզապես բախումային իրավիճակներից խուսափելու վտանգավոր հիմնավորմամբ. արդյո՞ք չեք հասկանում, որ Ալիևը հենց այդ վախերի վրա է խաղում և այդ մոտեցմամբ պոկելու է առավելագույնը:
5. Թեև ցանկալի է, որ այդ հրամանագիրը հրապարակայնորեն ու պաշտոնապես չեղարկվի մինչև տարեվերջ՝ զուտ քաղաքական-տեղեկատվական նկատառումներից ելնելով, սակայն պետք է կրկնել, որ նույնիսկ չչեղարկվելու պարագայում Արցախի Հանրապետությունը շարունակելու է գոյություն ունենալ նաև հաջորդ տարի՝ անկախ որևէ մեկի կամքից ու մեկնաբանությունից:
6. Ամենակարևորը ոչ թե ձևական մասն է, այլ՝ Արցախի պետական ինստիտուտների շարունակական ու գործնական աշխատանքը, հատկապես՝ արտաքին քաղաքական ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Իհարկե, նախընտրելի է, որ դա տեղի ունենա ՀՀ իշխանությունների աջակցությամբ, սակայն նույնիսկ առանց դրա էլ լուծումներ կարող են գտնվել»: