Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը: Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 20 առաջարկ, որոնցից Կառավարությունն ընդունել է 11-ը: Չի ընդունվել 4 առաջարկ, դրանց առնչությամբ տրվել են պարզաբանումներ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
«Դա հիմնականում պայմանավորված է ԱԺ-ում քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկները բյուջեում արտացոլելու անհրաժեշտությամբ, նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1.2 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ 900 մլն դրամը Հայաստանում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, իսկ 300 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով: Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվել է 46.1 մլրդ դրամ, որից կենսաթոշակների գծով՝ 22.5 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի գծով՝ 2.6 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում ծրագրի գծով` 1.6 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի գծով՝ 1.5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 մլրդ դրամ»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանի խոսքով սա բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այժմ քննարկումներ են ընթանում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու ու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ:
Պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամ մակարդակում: «Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար:
Ակտիվ աշխատանք է տարվում նաեւ միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Այս պահին հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ կան Եվրամիությունից, Ֆրանսիայից, Չինաստանից: Այս մասով ստացվելիք միջոցները պլանավորված չեն բյուջեում: Ուստի, դրանք ստանալուն պես կամ կնվազեցնեն բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կամ կնախատեսվեն հավելյալ հրատապ ծախսեր, որոնց հնարավոր չի եղել անդրադառնալ բյուջեի պլանավորման այս փուլում»,- ասել է Ֆինանսների նախարարը:
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2024 թվականի բյուջեի հիմնական ցուցանիշները՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի համեմատությամբ պետական բյուջեի նախագծի եկամուտներն ավելացել են 47.5 մլրդ դրամով:
2024 թվականի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները եւ տուրքերը կկազմեն 2 տրիլիոն 613 մլրդ դրամ (նախորդ տարբերակով ներկայացված էր 2 տրիլիոն 566 մլրդ դրամ): Սա կկազմի ՀՆԱ-ի 24.9 տոկոսը: «Թեեւ սրանով մենք ապահովելու ենք Կառավարության ծրագրով 2026 թվականի համար սահմանված 25 տոկոս թիրախի իրագործումը, սակայն մենք շարունակելու ենք հարկային ճեղքի կրճատմանն ուղղված մեր քաղաքականությունը եւ մինչեւ 2026 թվականն ապահովելու ենք տարեկան հավելյալ 0.75 տոկոսային կետով բարելավում, որի 0.5 տոկոսային կետը վարչարարության ճեղքի կրճատման միջոցով: Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրիլիոն 17 մլրդ դրամ ծախսերի փոխարեն նախատեսել ենք 3 տրիլիոն 206 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0.7 տոկոսային կետով: 2024 թվականի կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին:
Պետական բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատ կավելանա շուրջ 142 մլրդ դրամով եւ կկազմի 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: Սակայն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին չի փոխվի եւ կկազմի 48.3 տոկոս»,- ասել է նախարարը:
Ներկայացնելով ոլորտային ավելացումները՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականին կրթության ոլորտը ստանալու է ամենամեծ ավելացումը:
Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով բյուջեի դեֆիցիտը չի կարող ավելին լինել, քան կապիտալ ծախսերն են: «Մեր կապիտալ ծախսերը կազմում են 6.6 տոկոս, եւ մենք հնարավորություն ունենք բյուջեի դեֆիցիտը սահմանելու 4.6 տոկոս: Բազմաթիվ մոդելային վերլուծություններ ենք իրականացնում՝ հասկանալու՝ գնաճային ճնշումներ չառաջանալու համար ինչպիսի՞ դեֆիցիտ կարող ենք ունենալ եւ ինչպիսի՞ ծախսեր կարող ենք անել»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գալիք տարվա բյուջեով Երեւան քաղաքին 5.7 մլրդ դրամ դոտացիա հատկացնելուն՝ նախարարն ընդգծել է. «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարիներին պետական բյուջեով Երեւանին տրամադրվել են սուբվենցիաներ տարբեր հարցեր լուծելու համար, մասնավորապես, թանգարանների, ճանապարհների լուսավորության, տարբեր ՊՈԱԿ-ներ գտնվել են պետական հոգածության ներքո: Հիմա մենք փոխել ենք այդ մոդելը եւ այլեւս բյուջեից չենք ֆինանսավորում այդ ծախսերը»:
Նշվել է, որ Հայաստանում կենսաթոշակառուների՝ իրենց քարտերով անկանխիկ եղանակով կատարած գնումների եւ վճարումների 10 տոկոսի չափով հետվճարն ամբողջությամբ կիրականացնի պետությունը: Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բանկերի հետ համապատասխան պայմանագրեր կնքելուց հետո վերոնշյալ հնարավորությունից կարող են օգտվել հայաստանյան ցանկացած բանկի քարտ ունեցող թոշակառուները: Հիշեցնենք, որ ներկայումս հետվճարը ձեւավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում, որտեղ պետությունը եւ բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը փաստել է, որ պետական բյուջեն առաջանցիկ տեմպերով աճում է: Ըստ նրա՝ պետք է արձանագրել, որ 2024 թվականի պլանավորված պետական բյուջեն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2018 թվականի բյուջեն: Նա նշել է, որ 2024 թվականի համար թիրախավորված է 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որը լուրջ թիվ է պլանավորման տեսանկյունից: «Սա նշանակում է, որ Կառավարությունը միտված է բարձր սանդղակներ սահմանել եւ կատարել որակական ու ծավալային բարելավումներ թե՛ կապիտալ ներդրումների, թե՛ մնացած ուղղություններով»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել է Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, Առողջապահության նախարարությունների բյուջեների աճին, իրականացվելիք ծրագրերին:
Ըստ բանախոսի՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը 0.75 տոկոսի չափով չափազանց կարեւոր է հարկերի հավաքագրման գործում եւ պետք է հնարավորինս արագ կյանքի կոչվի եւ արդյունավետ՝ հաշվի առնելով նաեւ գործարարների շահերը:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եւ վարչապետին՝ 2024 թվականի պետական բյուջեում իր առաջարկները ներառելու համար: «Ցանկանում եմ հատկապես կարեւորել Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի «Արդիականություն» միջոցառման ֆինանսավորումը, որը շուրջ 3,5 մլրդ դրամ է, ինչի նպատակն է որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը, որն առաջ կմղի արհեստական բանականության հետազոտությունները, նորարարությունները եւ կնպաստի տեխնոլոգիական առաջընթացին եւ տարբեր ոլորտներում խնդիրների մշակմանը: Ցանկանում եմ նշել, որ տարածաշրջանում նման կենտրոն գոյություն չունի, եւ Հայաստանն առաջինը կլինի դրա ներդրման առումով»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա կարեւորել է նաեւ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի վերաֆինանսավորումը, որն ուղղված է ձեռներեցների վերապատրաստմանը:
ԱԺ նախագահի տեղակալը կարեւոր է համարել եւս մեկ ծրագրի ֆինանսավորման ավելացումը, որը վերաբերվում է մասսայական վերապատրաստմանը համակարգչային գիտելիքների ստացման, նոր տեխնոլոգիաների ուղղությամբ կրթական վերապատրաստման ծրագրերի ֆինանսավորմանը:
Հակոբ Արշակյանը վստահություն է հայտնել, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը կնպաստի տնտեսության էլ ավելի ակտիվացմանն արդեն նոր փուլով, նոր ստանդարտներով, որակի նկատմամբ առավել խստությամբ, որն ուղղված կլինի մեր քաղաքացիների հարմարավետության ապահովմանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ խմբակցության անդամներն ակտիվորեն մասնակցել են բյուջետային քննարկումներին: Խմբակցության ներկայացուցիչն իր տեսակետն է հայտնել՝ ասելով, որ սննդամթերքը մի փոքր թանկացել է հոկտեմբերին՝ սեպտեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշն այս մեկ ամսում նվազել է: Պատգամավորը տեղեկացրել է տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներից, մեքենա ներմուծողներից, արտահանողներից ստացած բողոքների մասին:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ սա ցույց է տալիս՝ որքան էլ Կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, կան բավականաչափ խնդիրներ: Պարտքն էլ աճել է:
Նրա հավաստմամբ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել են:
Արթուր Խաչատրյանը բարձրաձայնել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթում բարձրաձայնված մի շարք հարցադրումների, որոնք, մասնավորապես, վերաբերել են պահուստային ֆոնդին, ծախսերի վերաբաշխմանը:
«Եթե պաշտպանության ոլորտի ծախսերը 0,3 տոկոսով պակասել են, նշանակում է՝ 0.3 տոկոսով կարող է պատահի ավելացել են առողջապահության, գիտության կրթության ոլորտի ծախսերը: Շատ մեծ հարց է՝ արդյո՞ք կրթության կամ գիտության ոլորտի վրա կատարվող ծախսերը պաշտպանունակության բարձրացմանն ուղղված չեն: Պաշտպանության հանձնաժողովի փակ քննարկումից հետո նման հայտարարություն անելն ինձ համար անհասկանալի է»,- ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Նա նաեւ նշել է, որ որեւէ ծախս կատարելիս հստակ հաշվարկ է արվում՝ արդյո՞ք արդյունքում կգեներացվեն եկամուտները, կվճարվեն հարկերը, կխթանվի տուրիզմը:
Բաբկեն Թունյանը փաստել է, որ 2024 թվականի պետական բյուջեն հավասարակշռված, ռիսկերը հաշվի առնող, զարգացմանը միտված կայունության բյուջե է: Նա տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեին: