«Դուք ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնո՞ւմ պատգամավորների քվեարկության բարեխղճությունը»․ Հակոբ Արշակյանը՝ Հայկուհի Հարությունյանին

Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրում։ Թեկնածուներից մեկը հանձնաժողովի գործող նախագահ Հայկուհի Հարությունյանն է։

Նրան հարց ուղղեց պատգամավոր Արման Եղոյանը։ Նա խնդրեց Հարությունյանին մեկնաբանել մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում նրան տեսնել հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ ՔՊ-ի պատգամավորների նկատմամբ հարուցված վարույթների պատճառով․ «Առաջարկում եմ ասել, թե ՔՊ խմբակցության 71 պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է Ձեր պաշտոնավարման ընթացքում վարույթներ հարուցվել, որն է եղել այդ վարույթներից էականը»։

Հայկուհի Հարությունյանը հայտարարեց, որ հարուցվել են ինչպես շահերի բախման (1), այնպես էլ անհամատեղելիության հիմքով (ավելի քան 5) և հայտարարագրման ենթական տվյլաներում սխալների վերաբերյալ (5) վարույթներ. «71 պատգամավորներից 25-ի նկատմամբ տարբեր տեսակի վարույթներ են հարուցվել»։

Արման Եղոյանին զարմացրեց հրապարակված թիվը․ «Ինձ հետաքրքրեց այդ թիվը, ճշտենք»։

Այնուհետև պատգամավորը խնդրեց թեկնածուին մի հարցի պատասխանել, հաշվի առնելով այն ամբողջ տեղեկատվությունը, որին վերջինս տիրապետում է․ «Ձեր հարուցած վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի վերաբերմունքը իր նկատմամբ հարուցված վարույթին»։

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ քվեարկության արդյունքները կտան այդ հարցի պատասխանը․ «Իմ պատասխանը դա է»։

Վերջին հարցի պատասխանը սակայն չբավարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։ Նա արտահերթ հարց տվեց թեկնածուին․ «Դուք այս պահին, ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը և դա կապում եք պատգամավորների նկատմամբ ԿԿՀ-ի վարույթների հետ։ Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ»։

Հարությունյանը նշեց սակայն, որ իր մոտեցմամբ է պատասխանել․ «Ես իմ պատասխանը կարող եմ ձևակերպել քվեարկության արդյունքների հիման վրա»։

Հակոբ Արշակյանը պնդեց ու խնդրեց նրան ուղիղ պատասխանել հարցին․ «Ես ուզում եմ, որ ուղիղ պատասխանեք հետևյալ հարցին․ արդյոք Դուք կարծում եք, որ պատգամավորներն առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված ժողովրդական մանդատով, արդարամտությամբ, երդմանը համապատասխան, այլ անձնական սիմպատիաներով կամ անտիպատիաներով, առավել ևս իրենց նկատմամբ վարույթի հարուցված կամ չհարուցված լինելու հանգամանքո՞վ»։

Հայկուհի Հարությունյանը հայտարարեց, որ լիահույս է՝ քվեարկության արդյունքները այդպիսի դրսևորում չեն ունենա։ Հակոբ Արշակյանը նշեց, որ տարակուսում է նրա տված պատասխանից։

«Պարոն Արշակյան, ավելի հստակեցնեմ՝ ոչ․․․»,-սակայն Արշակյանը նրան թույլ չտվեց ավարտել խոսքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել