Երևանի քաղաքապետի տեղակալը՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափեր բարձրացման մասին

Գործադիրի կողմից առաջարկվող փոփոխության նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ քաղաքապետարանում կայանատեղերի վճարման հարցով քննարկման ժամանակ։

Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի նպտակը փոքր կենտրոնի բեռնաթափումն է, իսկ նախագիծը կյանքը կոչվելու համար դեռ ավագանին պետք է ընդունի կամ ոչ, կամ էլ փոփոխություններով ընդունվի․ «Եթե մենք այս փոփոխությամբ ունենանք բյուջեի ավելի քիչ մուտքեր, բայց ավելի բեռնաթափված կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք։ Մեր գլխավոր նպատակը սա է»։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հակադարձեց, եթե խնդիրի լուծումը համակարգված չէ, ապա նոր նախագիծը միայն որոշակի սոցիալական շերտավորում է առաջացնելու․ «Վճարունակների համար խնդիր չի լինելու մտնել կենտրոն։ Օրինակ, Ավանից եկող մեքենան պետք է կայանի Հերացիո՞ւմ, իսկ այնտեղից ինչպե՞ս հասնի կնետրոն։ Համալիր լուծում չկա, բայց շատ հարցեր կան»։

Նա փոխքաղաքապետին հիշեցրեց, որ իշխանության գալուց առաջ խոստացել էին վերացնել կարմիր գծերը, իսկ հիմա բոլորովին հակառակ պատկերն է հանրությունը տեսնում․ «Կամ դա պոպուլիզմ էր, կամ էլ չեք տիրապետել, որ այնուամենայնիվ պետք են այդ կարմիր գծերը»։

Սուրեն Գրիգորյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հեղափոխության օրերին կարմիր գծերի վերացման խոստում չի տվել։ Փոխքաղաքապետը նաև նշեց, որ կարմիր գծերի համար սահմանված գումարի չափը նրա համար է, որ քաղաքացին խուսափի Կենտրոնում երկար ժամանակով կայանելուց և այլ միջոցով հասնի կենտրոն։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանն էլ ասաց, որ Երևան քաղաքում ավտոկայանատեղիի համար առաջարկվող գումարն ավելանում է: Նա հարցրեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի առել է տվյալ հատվածի բնակիչների իրավունքները։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին հարցն ակտիվ քննարկվում է։ Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ հաճախ բակերում կայանման հնարավորություն կա և ավելին՝ ինչպես ներկայումս, այս որոշումը, եթե ընդունվի, 24:00-9:00-ն անվճար է լինելու կայանումը։

«Միգուցե կարելի է քննարկել ժամերը փոփոխելու հարցը։ Կարևոր նպատակը կենտրոնի բեռնաթափումն է։ Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում, դա նշանակում է, որ ամբողջ զոնայում ինձ համար անվճար պետք է լինի»,-ասաց նա։

Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ: Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել