Սամվել Շահրամանյանը՝ պայթյունի տեղի և պատճառների մասին

Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր չենք կարողացել քննարկել, քանի որ բացակայում էր կապը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում։ Մնեք Հայաստանի իշխանությունների հետ քննարկում էինք հնարավոր վտանգը, կապված այդ փաստաթղթերի հետ, բայց նորից եմ ասում, որ մեր նպատակն այդ իրավիճակում արցախցիների կյանքեր փրկելն էր։

Սեպտեմբերի 19-ին, ուշ երկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և ադրբեջանական կողմի հետ գնալ բանակցությունների ադրբեւանական կողմի հետ։ Ես իրեն առաջարկել եմ, որ ես դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր տեսլականը և եթե դա մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ այդ քայլերին։ Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի Բաբայանին, և նա էլ իրականացնի մնացած գործընթացները։ Ճիշտն ասած՝ ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց չնայած դրան և իմանալով հետագա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ կերպ կարող է մեկնաբանվել։ Ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և այդ բանակցությունների վարման ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ իրականացնել բանակցություններ, քանի որ Արցախում կային քննարկումներ այն հարցերի շուրջ, թե հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն, որպես բանակցող, Ադրբեջանի կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք էր շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը պատրաստ չէր մեզ հետ քննարկել որևէ կարգավիճակի հարց։ Հիմնավորել են նրանով, որ իրեք իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, որ, եթե մեզ որոշակի կարգավիճակ տան, ապա նրանք էլ կպահանջեն կարգավիճակ և իրենց խոսքերով՝ իրենք չեն գնա, իրենց ձեռքերով, պետությունը քանդելու ճանապարհով։

Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք ունեինք հետևյալ իրավիճակը՝ բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից։ Միջպետական բոլոր ճանապարհները վերահսկում էին և այդ ճանապարհներին տեղակայված էին ադրբեջանական զինված ուժերը։ Նրանք շատ մոտ էին գտնվում խաղաղ բնակավայրերին և դա խուճապ էր առաջացնում։ Այս իրավիճակից դուրս գալու համար սեպտեմբերի 21-ից անձամբ ադրբեջանական պաշպանության նախարարության գեներալիտետի հետ, ռուս  խաղաղապահների հրամանատարի հետ, մենք շրջել ենք շրջաններով և շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին դուրս ենք բերել այդ իրավիճակից։ Դա հնարավորություն է տվել փրկել հարյուրավոր կյանքեր և սեպտեմբերի 21-ից մինչև 24-ը մենք ամենօրյա ռեժիմով զբաղված էինք այդ հարցերով։ Բնակչությունը մեզնից պահանջում էր ճանապարհ դեպի Հայաստան։ Մեր բանակցությունների երկրորդ փուլը նվիրված էր դրան»,-ասաց նա։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ իր համար շատ ծանր է եղել բենզինի պահեստի պայթյունը։

«Պայթյունը տեղի է ունեցել Պաշտպանության բանակի ՎԿՆ  անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունների պայմանները մենք ձգտում էինք չօգտագործել։ Դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում օգտագործելու համար։ Փաստացի, կարելի է ասել, որ մեր բնակչությունն այդ խուճապի հետևանքով հայտնվել է այդ զորամասի պահեստում, այդ իրավիճակը բերել է նրան, որ չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները։ Այդ պատճառով էլ տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր։ Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է և կարելի է ասել՝ մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թվաքանակը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»,-նշեց Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ իրենց Քննչական կոմիտեի կողմի հարուցվել է համապատասխան քրեական գործ, այս պահին այդ քրեական գործը փոխանցված է ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչություն։

«Օգտվելով առիթից՝ կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը՝ հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքերը, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել