Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության և արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաև պայքարելու են ճնշումներից և խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի իր ելույթում։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն նշել է. «Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար:
Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը և «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երևանում կայանալիք գագաթնաժողովը, սակայն մենք կարևոր ենք համարում կիսել ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության կառուցման գործում կանանց դերի մասին մեր ուղերձները: Հակամարտությունների և ճգնաժամերի աճի պայմաններում դրանք առավել արդիական են, քան երբևէ՝ տարբեր մայրցամաքներում, տարբեր մշակույթներում և քաղաքական համակարգերում:
Հայաստանում կանայք կազմում են խորհրդարանականների երեսուներեք տոկոսը: Այնուամենայնիվ, մեզ դեռևս պակասում է իրական ներկայացուցչությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաև հավասար ներկայացուցչությունը պաշտպանական ոլորտում:
Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, և նրանց ձայնը երբեք չի լսվել միջազգային համաժողովներում, իսկ արդարության կոչերը մերժվել են:
Մենք հեշտությամբ կարող ենք տեսնել այս սարսափելի իրականությունը գրեթե յուրաքանչյուր հակամարտության և արտակարգ իրավիճակների դեպքում, երբ խոցելի խմբերի մարգինալացումը և օտարումը, ինչպես նաև հիմնարար իրավունքների մերժումը վերածվում են ճգնաժամերի, բռնությունների և պատերազմների:
Մենք խորապես համոզված ենք, որ Մարդու իրավունքները, խաղաղությունն ու անվտանգությունը փոխկապակցված են և ամրապնդում են միմյանց: Գենդերային հավասարությունը և կանանց նշանակալի մասնակցությունը կարևոր հիմք են երկրում արդարություն հաստատելու և սահմաններից դուրս երկխոսությունը շարունակելու համար:
Ներկայում Հայաստանն ընդունում է ավելի քան հարյուր հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, որոնք վերապրել են անմարդկային շրջափակումը, էթնիկ զտումները և այլ սարսափելի հանցագործություններ: Բայց ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի կանայք լինելու են կայուն լուծումների համար պայքարի առաջնագծում, պայքարելու են հայրենի հողում խաղաղ ապրելու, անվտանգության և արժանապատվության իրավունքի համար, ինչպես նաև պայքարելու են ճնշումներից և խտրականությունից զերծ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքի համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Պատերազմը և մեր տարածաշրջանում արտակարգ հումանիտար իրավիճակները մեզ ստիպեցին հետաձգել գագաթնաժողովը, բայց նաև ստիպեցին մեզ ավելի վճռականորեն միավորել ուժերը՝ ամրապնդելու կին առաջնորդների կարծիքների բազմազանությունը, կանխելու հակամարտություններն այլուր՝ նախաձեռնելով երկխոսություն և խաղաղություն պահանջելով:
Հայաստանը բարձր է գնահատում Կին քաղաքական առաջնորդների ղեկավարության և թիմի կողմից գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը: Անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով հնարավորություն կունենանք ողջունելու բոլորիդ Երևանում»: