ՆԳՆ կրթահամալիր նավ են բերել, որ ջրային պարեկները վերապատրաստվեն

ՆԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Հոկտեմբերի 2-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում անցկացվում են ջրային պարեկների վերապատրաստման դասընթացներ։ Այս գործընթացին ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած 49 պարեկներ։

Մոդուլների մշակումն իրականացվել է հայ և ամերիկյան գործընկերների համագործակցության արդյունքում։ Լողափերում, հանգստյան գոտիներում իրավախախտումներին ու պատահարներին արձագանքելուց բացի, ջրային պարեկները տուժածներին ցուցաբերելու են առաջին օգնություն, նաև կանխարգելելու են ապօրինի ձկնորսության և որսի դեպքերը։ Այս գործառույթների պատշաճ կատարումը պահանջում է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական պատրաստվածություն, ինչն էլ կատարելագործվում է ՆԳ նախարարության կրթահամալիրի, պարեկային ծառայության և ամերիկյան գործընկերների աջակցությամբ: Վերապատրաստման ընթացքում պարեկներն անցնում են ցամաքային և ջրային վարժանքներ։ Սկզբնական փուլում նրանք ուսումնասիրում են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը՝ ծանոթանալով ոլորտային իրավակարգավորումներին, նաև անցնում են կրակային պարապմունքներ՝ յուրացնելով զենքի կիրառման գիտելիքներն ու հմտությունները։

Նավավարման տեխնիկական հմտությունների զարգացման, փրկարարական սարքավորումների առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով դասընթացներին զուգահեռ ստացված գիտելիքները պարեկները տեղայնացվում են կրթահամալիր տեղափոխված նավի շնորհիվ, ինչի ուսումնասիրությունը կհեշտացնի վերպատրաստման հաջորդ՝ Սևանա լճում անցկացվող վարժանքների իրականացման փուլում։

Ապագա ջրային պարեկների առօրյան վերապատրաստման այս փուլում հագեցած է օրական չորսժամյա ֆիզիկական պատրաստականության պարապմունքներով, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել նրանց կարողությունները՝ պատրաստ լինելու ցանկացած բարդ իրավիճակում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Վերապատրաստման ընթացքում Սևանա լճում անցկացվող ջրային վարժանքներին կմիանա նաև ԱՄՆ Թեքսաս նահանգից ժամանած ծովային սերժանտ, որը պարեկներին կփոխանցի իր մասնագիտական փորձն ու գիտելիքները։

Դասընթացների ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաջողությամբ հաղթահարած ծառայողները նշանակվելու են պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համապատասխան պաշտոններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել