Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նա հավելել է, որ, ըստ անհրաժեշտության, ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հոկտեմբերի 8-ին հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է 350 իսրայելցիների մահվան և 1800-ի վիրավորվելու մասին: