Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը և քննարկելու ստեղծված իրավիճակին արձագանքելու ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվող գործողությունները: Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Անդրադարձ կատարելով Հատուկ խորհրդականի սեպտեմբերի 22-ի հայտարարությանը, որում վերջինս ահազանգել էր ռազմական գործողությունների արդյունքում քաղաքացիական բնակչությանը սպառնացող ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանության վտանգների մասին, ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել` կարևորելով այս հարցում Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի առավել ակտիվ ներգրավումը։
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից մասնավորապես շեշտվեց, որ արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) այցելած՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի համակարգմամբ առաքելության կողմից իրավիճակի խեղաթյուրված նկարագրությունը ադրբեջանական կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով: Կոչ արվեց ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
ԳՔ Հատուկ խորհրդականը վերահաստատեց իր պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին ներգրավելու ուղղությամբ: