Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Երեք առանցքային սկզբունք կա, որոնց շուրջ եթե Բաքուն համաձայնվի, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հարցին, թե արդյոք Գրանադայում հանդիպումից Ալիևի հրաժարվելու պատճառն իսկապես հանդիպման ձևաչափն է կամ միջնորդները։

«Ամեն դեպքում կարծում եմ՝ այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին գիտեն բոլորը»,– հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ այդ սկզբունքները արձանագրված են 2023 թ․ հուլիսի 15-ի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որն արել է Շառլ Միշելը։ Դրանք հետևյալն են՝  երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ-ի տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86,600 քկմ։

«Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա են արվելու դելիմիտացիան ու դեմարկացիան։ Դա պետք է տեղի ունենա 1975 թ. քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումն այդ հարցում շատ կարծր է»,– նշել է վարչապետը։

Ըստ նրա` երկրորդ սկզբունքը այն է, որ  տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
«Եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է։Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, սակայն չեն վերահաստատել իրենց հավատարմությանն այդ սկզբունքներին»,- ասել է Փաշինյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել