Միջազգային հանրությունը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։

«Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայական կա»,–ասել է նա:

Հովհաննիսյանն ընդգծել է բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել