Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից. Գնել Սանոսյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայի պահանջին, որ դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝  Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու համար։

«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին կայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասել է նա։

Սանոսյանը ընդգծել է՝ կան կոմիտեներ, խմբեր և մասնագետներ, որ փաստում են՝ ատոմակայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։ Ըստ նրա՝ մտադիր են կայանը աշխատեցնել մինչև 2036 թվականը։

«Ատոմակայնում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,- ասել է նա։

Նախարարը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Մեծամորի ատոմակայան այցելել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Վերջինս  հաստատել է, որ ատոմակայանը անվտանգ է, իսկ ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ին, Սանոսյանը նշել է՝ «ՄԱԳԱՏԷ-ն համապատասխան որոշումը կկայացնի»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել