Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում․ ՄԻՊ-ը՝ Ճապոնիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի Մասակիին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է այցելել  Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններ Գորիսում և Վայքում, ինչպես  նաև Կոռնիձոր։ Անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել և հասցեագրվել մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում: 

«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այդ հանգամանքն արձանագրվել է նաև միջազգային մոնիթորինգային մարմինների զեկույցներում»,- ընդգծել է Մանասյանը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, հումանիտար՝ այդ թվում սոցիալական, հոգեբանական խնդիրների հասցեագրման կարևորության վերաբերյալ: 

Դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել