Արցախ ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր․ Միրզոյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի  ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Արցախի Հանրապետությունը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Արցախը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ Արցախի  բնակչությունը՝ 100 հազարից ավելի հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Արցախ  ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Արցախի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:

ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը: ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր:

Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Արցախի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել