Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի հուլիսին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի հուլիսին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, որի համաձայն՝ տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազել, քանի որ տնտեսությունը հուլիսին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ – ՆՏՆԺՀ) ընդլայնվել է 6 տոկոսով` ի տարբերություն 2023 թ. առաջին կեսի 11 տոկոս միջին աճի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը , հայտնում են  ՀԲ Հայաստանի գրասենյակից, օգոստոսին գրանցվել է գների 0.2 տոկոս անկում, որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների նվազմամբ: Ապրանքների արտահանման և ներմուծման ծավալներն ընդլայնվել են երկնիշ տեմպով` պայմանավորված առևտրի վերարտահանմամբ։ Հուլիսին բյուջեն պակասուրդային էր ` հաստատուն եկամուտներով (ՆՏՆԺՀ) և 87 տոկոս բարձր կապիտալ ծախսերով (ՆՏՆԺՀ), վարկավորման ու ավանդադրման ծավալները դանդաղ են աճել, իսկ ֆինանսական ցուցանիշները շարունակել են մնալ հաստատուն:

«Տնտեսական ակտիվությունը հուլիսին թուլացավ` մինչև 6 տոկոս (ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` ի տարբերություն հունիսի (ՆՏՆԺՀ) 6.8 տոկոսի: Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների կրճատումը շարունակել է ետ պահել աճը` չնայած հուլիսին գրանցված անկումը (2.4 տոկոս, ՆՏՆԺՀ) ավելի փոքր է եղել, քան հունիսին (7.4 տոկոս, ՆՏՆԺՀ), քանի որ հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությունը որոշակիորեն վերականգնվել է հուլիսին (2.9 տոկոս աճ)` հաջորդելով մի քանի ամիսների կրճատմանը: Շինարարության աճը մի փոքր թուլացել է` հունիսի 18.1 տոկոսից հասնելով 17.8 տոկոսի` հուլիսին (ՆՏՆԺՀ): Այդուամենայնիվ, առևտրից հետո աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է շինարարության ոլորտում, որը հուլիսին ընդլայնվել է 20.4 տոկոսով (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 1): Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) աճը կազմել է 5.8 տոկոս (ՆՏՆԺՀ): Հանրագումարային աճը դանդաղել է` 2023 թ. 1-ին եռամսյակի 11.4 տոկոսից (ՆՏՆԺՀ) հասնելով 10.4 տոկոսի` 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին (ՆՏՆԺՀ), ընդ որում` աճի տեմպն ամենաբարձրն է եղել առևտրի ոլորտում (23 տոկոս) և ամենացածրը` արդյունաբերության ոլորտում (0.5 տոկոս)»,- ասվում է ՀԲ ամփոփագրում, ըստ որի՝ պահանջարկի կողմում աճը 2023 թ. 1-ին եռամսյակում հիմնականում պայմանավորված է եղել մասնավոր սպառմամբ և ներդրումներով: Դրան նպաստել են իրական աշխատավարձերի մոտավորապես 16 տոկոսի բարձրացումն ու զբաղվածության ցուցանիշի բարելավումը: Զուտ արտահանումն, այդուհանդերձ, բացասական նպաստ է ունեցել 10.5 տոկոս իրական աճում, քանի որ ներմուծման աճի տեմպը գերազանցել է արտահանման համանուն ցուցանիշը:

Նշվում է, որ հուլիսին Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը գրեթե կիսվել է` համեմատած 2022 թ. հուլիսի հետ, որ ուղեկցվել է Ռուսաստանից արտահոսքերի կրկնապատկմամբ` ցածր բազայից: Այդուամենայնիվ, դրամական զուտ փոխանցումների ընդհանուր ծավալն ընդամենը 2 տոկոսով է ցածր եղել (ՆՏՆԺՀ)` պայմանավորված 2022 թ. հուլիսին բացառապես ցածր զուտ ներհոսքերով: Թեև դրամական փոխանցումների և՛ ներհոսքերում և՛ արտահոսքերում գրանցվում է զգալի տատանողականություն, գերիշխող միտումն ընդգծում է ներհոսքերի նվազում և ավելի մեծ արտահոսքեր Ռուսաստան (Գծապատկեր 2):

ՀԲ տվյալներով՝ գների աննշան նվազում (0.2 տոկոս) է գրանցվել օգոստոսին (ՆՏՆԺՀ)` միջին գնաճը օգոստոսին իջեցնելով մինչև 3.1 տոկոս (Գծապատկեր 3): Օգոստոսին ընդհանուր ՍԳԻ նվազումը հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի գների անկմամբ (4 տոկոս անկում, ՆՏՆԺՀ) և հաղորդակցության գներով (0.5 տոկոս անկում, ՆՏՆԺՀ): Մյուս կողմից` տրանսպորտային գները մի փոքր բարձրացել են (0.7 տոկոս)` երեք ամիս շարունակ գնանկումից հետո: Ի պատասխան` ՀՀ կենտրոնական բանկը, սեպտեմբերի 12-ին խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 50 բազիսային կետով` հասցնելով 9.75 տոկոսի:

Ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում շարունակվել է գրանցվել երկնիշ ամսական աճ, որը չափավորված է 2023 թ. առաջին մի քանի ամիսների համեմատ: Ապրանքների արտահանումն ու ներմուծումը հուլիսին աճել է, համեմատաբար, 16 և 20 տոկոսով (ՆՏՆԺՀ)` պայմանավորված մեքենասարքավորումների և տրանսպորտային միջոցների վերաարտահանմամբ: Բացի այս ապրանքատեսակներից` Հայաստանի հիմնական արտահանման որոշ մասը կրճատվել է: Հուլիսին պղնձի և պատրաստի սննդամթերքի արտահանումն անվանական արտահայտությամբ նվազել է, համապատասխանաբար, 10 և 8 տոկոսով: Ընդհանուր առմամբ` 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանման և ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 62 և 63 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հանգեցնելով առևտրի հաշվեկշռի 64 տոկոս վատթարացման (ՆՏՆԺՀ):

Ամփոփագրում նշվում է, որ դրամի փոխարժեքը կայուն է եղել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ օգոստոսին և սեպտեմբերի առաջին կեսին, բայց շարունակել է ամրապնդվել ռուբլու նկատմամբ: Սեպտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ դրամը 42 տոկոսով ամրապնդվել է ռուբլու նկատմամբ (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 4): Միջազգային պահուստները օգոստոսին ավելացել են 94 միլիոն դոլարով` պահպանելով պահուստները պատմականորեն բարձր մակարդակում` 4.2 միլիարդ ՀՀ դրամ, որը համարժեք է ներմուծման 3.5 ամսվա ծածկույթի (Գծապատկեր 5):

«Հուլիսին բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը: Ընդհանուր եկամուտները հաստատուն են եղել անցած տարվա հուլիսի համեմատ, մինչդեռ ծախսերը 14 տոկոսով բարձր են (ՆՏՆԺՀ)` հիմնականում պայմանավորված 87 տոկոսով ավելի բարձր կապիտալ ծախսերով (ներառյալ պաշտպանությունը): Ընթացիկ ծախսերը նույնպես հուլիսին 7 տոկոսով բարձր են եղել (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ծախսերի 13 տոկոսով ավելացմամբ (ՆՏՆԺՀ): Հուլիսի պակասուրդի երկու երրորդը ֆինանսավորվել են արտաքին աղբյուրներից: Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին բյուջեն դեռևս գրանցել է հավելուրդ (96 միլիարդ ՀՀ դրամ)` չնայած բյուջեի պլանով նախատեսված էր ավելի քան 100 միլիարդ պակասուրդ: 2023 թ. առաջին յոթ ամիսներին եկամուտներն ավելացել են 15 տոկոսով (ՆՏՆԺՀ)` պայմանավորված ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման ավելի բարձր մակարդակով: Նույն ժամանակահատվածում ընթացիկ և կապիտալ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար, 11 և 27 տոկոսով (ՆՏՆԺՀ)»,- ընդգծել են ՀԲ-ում՝ հավելելով, որ ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն. հուլիսին գրանցվել է եկամտաբերության աննշան ավելացում և բանկային վարկերի ու ավանդների միջին աճ: Կապիտալի համարժեքության գործակիցները պահպանել են կայունությունը` 20.1 տոկոս: Չաշխատող վարկերի գործակիցը հուլիսին մնացել է անփոփոխ 2.85 տոկոս, մինչդեռ շահութաբերությունը (ըստ ակտիվների) բարձրացել է` հունիսի 2.74 տոկոսից մինչև 2.96 տոկոս` հուլիսին: 2023 թ. բանկային վարկավորումը շարունակել է ավելի արագ աճել, քան ավանդադրումը, վարկերը հուլիսին ավելացել են 2.4 տոկոսով (ՆՏՆԺՀ)` ի համեմատ ավանդների 1 տոկոս աճի (ՆՏՆԺՀ)` երկուսն էլ անվանական արտահայտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել