Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով

Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է կացարաններով ապահովման խնդիրը։

«Այս պահին Մայր աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Թեմապատկան կացարաններում արդեն իսկ բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հոգևորականներն այցելում են տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, տրամադրվում է սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել