Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: