Արցախի շրջափակման 231-րդ օրը

Արցախը 231 օր է շրջափակման մեջ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։

Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։

Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։

Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։

Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»:

ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը։

Նա նաև ընդգծել է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել