Անցակետում Ադրբեջանը նաև ադրբեջանցի բժիշկներ է ներգրավել, եթե անհրաժեշտ լինի մեր քաղաքացիներին կմերկացնեն․ պետնախարար

Հիմա արդեն լրջագույն խնդիր ունենք աղբահանության հետ կապված և ընդամենն օրեր անց ունենալու ենք համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ես անվերջ կարող եմ թվարկել այն բոլոր ուղղություններն ու ոլորտները, որոնք որ հիմա խնդիրների առաջ են կանգնած։ Սրանք անպատկերացնելի են։ Ես ուզում եմ, ոչ թե չափազանցնել, այլ ուղղակի հիմա ուզում եմ իրականությունը բոլորին տեսանելի լինի և ընկալելի լինեն իրողությունը, որի մեջ հիմա ապրում է արցախցին»,-ասաց նա։

Անդրադառնալով Կարմիր Խաչի միջոցով մարդկան և դեղորայքի փոխադրումներին՝ նա նշեց, որ դա շատ երկարատև գործընթաց է, իսկ ադրբեջանական կողմը մշտապես պրոլեմներ է ստեղծում։

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի և ի վերջո մենք հասանք մի կետի, երբ անցակետում Ադրբեջանը նաև ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայման դրեց Կարմիր Խաչի առջև, որ  Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում, եթե անհրաժեշտ լինի, բուժզննությունը պետք է զուգորդվի մեր քաղաքացիների մերկացմամբ։ Այս ամենն արվում է, որպեսզի Կարմիր խաչի համար իր առաքելությունը դառնա անհնարին։ Այս պայմաններն ակնհայտորեն ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվությանը»,-նշեց Ներսիսյանը՝ հավելելով, որ այս պահին դադարեցված է հիվանդների տեղափոխումը և դեղորայքի մատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել