ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ-ի մատուցված ծառայությունների նկատմամբ Հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են պարբերական բնույթ, մինչև Հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ կողմերի միջև սահմանված պայմանավորվածությանը համապատասխան։ Հուլիսի 18-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած բոլոր մասնավոր հեռարձակողները հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնեցին իրենց անհամաձայնությունը նախարարության տվյալ որոշման հետ: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Նախորդ շաբաթ կարգավորող մարմինը նախարարությանը ներկայացրել էր իր բացասական վերաբերմունքը ՀՀՌՑ–ի վերը նշված գործողությունների կապակցությամբ, սակայն անջատումների դեմ ուղղված Հանձնաժողովի փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացել: Այստեղ հրավիրում ենք բոլորի ուշադրությունը առ այն, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «մասնակցում է տեսալսողական մեդիայի ոլորտի քաղաքականության մշակմանը», ուստի ՀՌՀ-ի դիրքորոշումները այս ոլորտում որոշումեր ընդունելիս մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում:
Հարկ չհամարելով մանրամասնել ՀՌՀ-ի կողմից բերված փաստարկները (որոնց մի մասը ներկայացված է Հեռարձակողների հայտարարության մեջ) Հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրականացված և նախատեսվող դադարեցումների վերաբերյալ:
Հանրային մուլտիպլեքսը ՀՀ միակ տեղեկատվական հարթակն է, որի գործարկման միջոցով պետությունը երաշխավորում է քաղաքացիների իրավունքը անվճար ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, և հեռարձակվող տեսալսողական ծրագրերի նույնիսկ կարճաժամկետ եթերազրկումը սահմանափակում է քաղաքացիների այդ իրավունքը: Պարբերաբար իրականացվող եթերազրկումները կարող են բերել Հեռարձակողների ֆինանսական պարտքերի ավելացմանը, ոչ թե նվազեցմանը։ Հետևանքն էլ կլինի այն, որ Հեռարձակողները ընդհանրապես չեն կարողանա վճարել ՀՀՌՑ–ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հեռարձակողները զգալիորեն մարել են տարիներով կուտակված ֆինանսական պարտքերը, ինչն արդեն խոսուն ապացույցն է այն հանգամանքի, որ Հեռարձակողները չեն հրաժարվել և չեն հրաժարվում կուտակված պարտքերը մարելուց, սակայն կոշտ մոտեցումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների թե՛ Հեռարձակողների, և թե՛ հանրային մուլտիպլեքսի գործունեության համար։
ՀՌՀ-ն կարևորում է մեդիաոլորտի բոլոր մասնակիցների ֆինանսական կարգապահությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարգավորող դերը պայմանագրային պարտավորությունների վերահսկման գործում: Սակայն պակաս կարևոր չէ ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովումը, որի կարևոր բաղադրիչներից է հանրային մուլտիպլեքսի բնականոն և անխափան գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։
Ուստի, ՀՌՀ-ն համաձայն է լիցենզավորված Հեռարձակողների առաջարկի հետ. առժամանակ չկիրառել այդպիսի կոշտ մոտեցում Հեռարձակողների նկատմամբ, և հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները: Հանձնաժողովը նաև առաջարկում է Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և Հեռարձակողների մասնակցությամբ սկսել քննարկումներ և իրականացնել աշխատանքներ՝ մշակելու հանրային մուլտիպլեքսի գործունեության և զարգացման հայեցակարգ, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսում ընդգրկված տեսալսողական ծրագրերի բովանդակության որակի բարձրացմանը միտված որոշումներ՝ ի նպաստ պետության և քաղաքացիների»,-նշվում է հայտարարության մեջ: