6 հեռուստաընկերություն եթերազրկվել է

Հեռուստաընկերությունները հայտարարությունը են տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի կողմից որոշ հեռուստաընկերությունների եթերազրկվելու մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։

Եվ դա այն պարագայում, երբ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։

Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի և բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետևանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։

Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։

Գովազդային մուտքերը կտրուկ նվազել են հատկապես առանց այն էլ ամենից ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին, և այս եթերազրկումը կարող է լիովին կազմալուծել հեռուստաընկերությունների գործունեությունը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը, արձանագրելով տնտեսավարման դինամիկա։

Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը։

Առնվազն տարօրինակ է այն, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Առհասարակ անհասկանալի է հեռուստաընկերությունների համար մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվայնացումից հետո գները պետք է ոչ թե բարձրանային, այլ նվազեին։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման կարևոր գործոններից է հեռուստատեսային հանրային մուլտիպլեքսի բնականոն գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Սույն հիմնախնդրի առաջացման և լուծման պատասխանատուն ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է։ Բայց մենք այս գերատեսչությունը դիտարկում ենք ոչ թե գումարներ հավաքող տնտեսավարող սուբյեկտ, այլ տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող մարմին։

Հետևաբար առաջարկում ենք մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները և շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝

Երկիր մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ, Շանթ ՀԸ, Ա-ԹիՎի ՀԸ, Արմենիա Թի-Վի ՀԸ, :Բուն Թի Վի ՀԸ, Նուռ ՀԸ, Նոր Հայաստան ՀԸ, 5-րդ ալիք ՀԸ, Ֆրի Նյուզ ՀԸ, 21 ԹիՎի ՀԸ, Դելտա ԹիՎի ՀԸ, Արարատ Թիվի ՀԸ, Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ, Գեղամա ՀԸ, Ֆորտունա ՀԸ, Կոտայք Թի Վի ՀԸ, Ցայգ ՀԸ, Տավուշ ՏՎ ՀԸ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել