Ինչպես արդեն հայտնել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշումից անակնկալի չի եկել։
«Որոշման դեմ կակտիվացնեն ՄԻԵԴ-ին հասցեագրված բողոքի աշխատանքները նաև այլ ընթացակարգերով, տեղի ունեցածի վերաբերյալ, մասնավորապես՝ քրեական պատասխանատվության ենթարկելու առումով հաղորդում ներկայացնելու հարցը կքննարկվի»,-ասաց Հարությունյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս որոշման հետ կապված ազդեցություն է ունեցել սրճարանում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Միասյանի հանդիպումը, որի մասին գրել էին մի շարք լրատվականներ, Դավիթ Հարությունյանը պատախանեց․ «Ախր այդ հանդիպումն այնքան անէական բան է։ Դա ծովի մեջ մի բաժակ ջուր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է․ այս օրերի ընթացքում մենք ականատես եղանք այնպիսի իրադարձությունների, այնպիսի փաստերի՝ իրենց կողմից ստորագրած, իրենց կողմից վավերացված փաստերի, որ կոնկրետ այդ մի հանիդպումը որևէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ։ Իհարկե, դա ինքնին ըննդիմազերծ շփման, Դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ անձը կողմի հետ հանդիպում է՝ դատավորը հանդիպում է միջնորդող անձի՝ կողմի հետ ու դրա մասին չի հրապարակում։ Դա վարքագծի կանոնների խախտում է, կարգապահական կանոնների խախտում է գուցե, բայց դա շատ փոքր խախտում է։ Խնդիրը հետևյալ է՝ մենք այս օրերին ականատես եղանք այն բանին, նշված երկու սուբյեկտները միմյանց միջև շահույթ են բաշխում, առավել քան տարեկան աշխատավարձն է՝ կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում և միասին մեկ դատավարության մեջ են մասնակցում՝ նշելով, որ չի կարող ստեղծվել այլ դատարան։ Խնդիրն այստեղ է։ Իսկ այդ շահույթի բաշխումը հրապարակային են արել»,-ասաց նա։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչ այսօր՝ երբ հրապարակվեց դատական ակտը, իրեն վերագրվող միջնորդության վերաբերյալ ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել, զրկված է եղել այդ հնարավորությունից։
«Եթե ես հայտնեի՝ առնվազն բոլորի համար պարզ կլիներ, թե ինչու՞ են իրենք այդ գործողությունները պլանավորել, ինչու են այդ գործողություններն իրականացնում։ Դրանից ամեն ինչ պարզ կլիներ։ Եթե չեն թողել, որ նույնիսկ այդ կարծիքը լսել մինչև վերջ՝ բնականաբար այդտեղ էլ հարցի պատասխանն է։ Ըստ իմ ունեցած տեղեկություններ, հրապարակային աղբյուրների, սա սկիզբ է առել, երբ Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար էր, երբ օրենքի նախագիծ էին ներկայացնում հանրությանը, ուղարկել էին մեզ․ մի շարք դատավորները նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ուղարկեցինք, չարձագանքեցին, հրապարակեցինք, վերջում կանգնեց՝ թե իրեն ճնշում են դատավորները, մեղադրեց դատավորներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշեց, որ այդ նույն նախագծի հետ կապված դիմել է Վենետիկի հանձնաժողով, իր բնորոշմամբ՝ Եվրոպայի իմաստնությանը, Վենետիկի հանձնաժոովից հետագայում ավելի խիստ քննադատական կարծիք ստացվեց, որը, կարծում եմ, նույնիսկ նա հաշվի չառավ՝ նշելով, թե Վենետիկի հանձնաժողովը չի արգելել նման օրենսդրական փոփոխություններ կատարել»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը հստակ արձանագրել էր, որ նման նախագծերի ընդունմամբ պետությանը կարող են կանգնեցնել մարտահրավերների առջև։ «Սակայն ինչպես պարզ է դառնում, գործողություններն էլ կոնկրետ իմ վարույթով վկայում են, որ Կարեն Անդրեասյանը մասնավորապես, պետությանը որևէ մարտահրավերի առաջ կանգնեցնելուց ուղղակի չի խորշում, չի վախենում կամ ընդհանրապես այդ մասին չի մտածում»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Դատավորը նշեց, որ աշխատասենյակում իր իրերի մի մասը հավաքել է արդեն։ «Կարեն Անդրեասյանին շատ վաղուց ճանաչելով, նրա գործողություններին ևս մեկ անգամ ականատես լինելով դատական նիստում, այն ինչ-որ երեկ էլ պարզ հրապարակվեց, ինձ թվում է բոլորը հնարավորություն ունեցան ծանոթնալու։ Որևէ զարմանալու բան չկար»,-ասաց նա։