ՆԳՆ փրկարար ծառայությունը հանրային լողափերում անցել է ուժեղացված ծառայության

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, լողասեզոնի բացմամբ պայմանավորված, հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին ծավալվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։

Լողալու համար անվտանգ և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։

Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Միաժամանակ բարձրախոսերով իրականացվելու են քաղաքացիների իրազեկան աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել