Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում:
Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում:
Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը: