Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու): Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։
Ադրբեջանական կողմը, նպատակ ունենալով ամբողջության մեկուսացնելու Արցախը, նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկում՝ խոչընդոտելու անգամ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Արցախում՝ պարբերաբար անրհեստական հավելյալ պահանջներ ներկայացնելով։
Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն և առիթը բաց չի թողնում ահաբեկելու բնակչությանը և խորացնելու մարդկանց՝ շրջափակման հետևանքով առաջացած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տառապանքները՝ դիտավորյալ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
Ադրբեջանի վարքագիծը ուղիղ հակասում է միջազգային իրավունքին և մարդասիրության սկզբունքներին, ինչը պետք է արժանանա միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի հստակ դատապարտմանը։
Ակնակալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։