Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր՝ մայիսի 4-ին, անդրադարձավ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Վլադիմիր Գասպարյանին կողմից լրագրողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու միջադեպին։
«Դատարանի բակում լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները խիստ դատապարտում եմ։ Նման վերաբերմունքն անթույլատրելի է մամուլի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հենց այդ բարքերն են տարիներ առաջ մերժել և այդ բարքերի կրողներին ուղարկել տուն, իսկ շատ դեպքերում նաև՝ դատարաններ»,-ասաց պատգամավորը։
——————
«Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛»,-սա և այլ խոսքեր ասել էր Վլադիմիր Գասպարյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա մեկ անգամ էլ ձեռքով ուժեղ հարվածել է դատարանի մուտքի դռանը։ Դատական կարգադրիչի` զննում անցնելու վերաբերյալ դիտարկմանը Գասպարյանը նույնպես կոպիտ արձագանքեց ու առանց կարգադրիչի պահանջին ենթարկվելու՝ մտավ նիստերի դահլիճ։
Նշենք, որ վերջինիս ուղեկցողները նախօրոք հայտնել էին լրագրողներին, որ Գասպարյանը դժվարությամբ է քայլում ու չի ցանկանում, որ դա տեսանյութերում երևա։ Լրագրողները, հարգելով ամբաստանյալի խնդրանքը, նրա մեքենայից դուրս գալու հատվածը չեն նկարել ու մոտեցել են նրան այն ժամանակ, երբ վերջինս սկսել է զրուցել քաղաքացիներից մեկի հետ։