Օրեցոր զարգացող նորարարական տեխնոլոգիաները մի կողմից հեշտացնում են հեռահաղորդակցությունը, մի կողմից էլ նպաստում են դրանց օգտագործմամբ կատարվող հանցավոր տարաբնույթ մեխանիզմների հնարմանը։ Պատահական չէ, որ բջջային հեռախոսներում առկա հեռահաղորդակցության համակարգերը հանցամիտների ձեռքին դառնում են միջոց՝ խարդախությունից մինչև թմրամիջոցների իրացում։ Բազմիցս անդրադարձել ենք WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով կատարվող հանցագործություններին՝ նպատակ ունենալով իրազեկմամբ կանխարգելել դրանց տարածումը։
Ապրանքը վաճառողի համաձայնելու դեպքում նույն հավելվածի միջոցով նրան ուղարկում են հատուկ հարմարեցված, նմանեցված, այսպես ասած՝ ֆիշինգային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հանցավորին հափշտակել վաճառողի բանկային հաշվի գումարները։ Մասնավորապես, վաճառողը նրանց ուղարկած հղումով հավաքում է իր բանկային քարտի տվյալները՝ հանցավորին հնարավորություն ընձեռնելով հասանելիություն անկանխիկ դրամական միջոցներին։ Թիրախավորվում են հատկապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Վերջերս տարածում են ստացել «Հայփոստի» կայքի նմանությամբ ստեղծված կեղծ էջի միջոցով խարդախությունները։ Հանցավորը WhatsApp հավելվածի միջոցով վաճառողի հետ կապ հաստատելուց և նրան համոզելուց հետո խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով ու փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո վաճառողը դառնում է հանցագործության զոհ։
ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։
Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են գործարք չանել կասկածելի գնորդների հետ, լինել զգուշավոր, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները։
Ամփոփելով՝ ընդգծենք, որ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները և կրել ֆինանսական կորուստներ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 1-02, 011-56-27-18 հեռախոսահամարներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: