Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձիք կկարողանան անվճար դեղեր ստանալ․ ԱՆ-ն ներկայացրել է նախագիծը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է նեկայացրել կառավարության որոշումներից մեկում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, ինչը հնարավորություն կտա ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց (3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձիք) օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով:

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման կարգավորումների շրջանակում ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք ընդգրկված են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով:

Այդ իսկ պատճառով առաջարկվում է 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642 որոշման Որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ֆունկցիոնալության խորն աստիճան, ֆունկցիոնալության ծանր աստիճան և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք».

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 28 563 շահառու: Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2004 թվականի մարտի 04-ի թիվ 318-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: Մասնավորապես, նախագծով սահմանված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան: Ընդ որում, ներկայումս, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում: Հավելենք, որ խոսքը միայն առաջնային-պահպանման օղակի միջոցով հիմնական դեղերի ցանկում առկա դեղերով անվճար ապահովելու մասին է:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է «1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձիք» բառերը փոխարինվում են «Ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք» բառերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել