Գրիգորի Խաչատուրովը փետրվարի 20-ից, ժամը 20։00-ից գտնվում է անազատության մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի ներկայացուցիչ Հակոբ Ենոքյանը։
«Կոնկրետ դեղամիջոցներ կան, որ պետք է օգտագործի սրտանոթային հիվանդությունների հետ կապված, դրանք չհաջողվեց փոխանցել ուղեկցող գումարտակի տղաներին, սնունդ հնարավոր չեղավ փոխանցել։ Ըստ էության ո՛չ սնունդ է ընդունել, ո՛չ իրեն անհրաժեշտ դեղամիջոցը։ Ես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ էլ եմ ահազանգել, ինչ-որ էական արձագանք չեղավ, ո՛չ մարդ եկավ, ո՛չ հարց լուծվեց»,-նշեց փաստաբանը։
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ մեղադրանք է ներկայացվել Գրիգորի Խաչատուրովին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է։
Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ նրա ձերբակալումը կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։