Փետրվարի 5-ին, ժամը 02.41-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի ակումբներից մեկի մոտ ծեծկռտուք է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել հինգ երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի, մեկը՝ Վայք քաղաքի բնակիչ: Պարզվել է, որ նրանք ժամը 02.30-ի սահմաններում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: