Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել է Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Արարատի մարզի դատախազությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ չպետք է համակերպվի ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի ազատության հետ: Նրանք բողոքարկել են Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին Արտաշատի դատարանի որոշումը:

Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Արտաշատի դատարանը մերժել էր պաշտպանյալիս կալանավորելու քննիչի միջնորդությունը միաժամանակ ձերբակալությունը ճանաչել էր անօրինական (ոչ իրավաչափ):
Դեռ այն ժամանակ դատական նիստում մանրամասն հիմնավորեցի, որ քննչական կոմիտեի նկարագրած (հնարած) հանցագործության հետ Արտավազդ Մարգարյանին կապը որևէ կերպ չի հիմնավորվել, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը, թե վերջինս կատարել է հանցանք: Բացի դրանից, դատարանում հայտնեցի, որ անգամ այն պարագայում, եթե իսկապես լիարժեք հաստատված լիներ հիմնավոր կասկածը, նույնիսկ բոլորս մեր աչքերով տեսած և ականջներով լսած լինեինք, որ այդպիսի հանցագործություն տեղի է ունեցել և կատարողն էլ անձամբ պաշտպանյալս է, ապա նույնիսկ այդ դեպքում քննիչը չէր կարող վերջինիս ամիսներ անց ձերբակալել այն հիմքով, թե այդ հիմնավոր կասկածը ծագել է անմիջականորեն: Խոսքը քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով նախատեսված ձերբակալության մասին է:

Բանն այն է, որ այդ հիմքով անձին ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ հանցանքի պահից մինչև ձերբակալությունը չլինի ժամանակի խզում: Ավելի պարզ՝ անցած չլինի երկար ժամանակ, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելը, այն է՝ անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, նշանակում է, որ անձին փաստացի ազատությունից զրկելու և հետագայում նրան ձերբակալելու իրավասություն ունեցող մարմինը ենթադրյալ հանցանք կատարող անձին արգելանքի է վերցնում այդ ենթադրյալ հանցանքը կատարելուց կարճ ժամանակ անց: Նման հետևության համար հիմք է հանդիսանում օրենսդրի կողմից օգտագործված՝ «անմիջապես» եզրույթը:

Ցավոք՝ նախ քննչականը, և հիմա էլ, փաստորեն, դատախազությունը, այդպես էլ չկարողացան յուրացնել այս պարզ կանոնը:

Հույս ունեմ, որ վերաքննիչ քրեական դատարանում գործը կքննի իրական դատավոր և վերջնականապես քննչականի ու դատախազության համար այս հարցը կփակվի:

Թեև, մյուս կողմից էլ, չեմ բացառում, որ թե դատախազությունը և թե քննչականը, լավ էլ գիտեն այս պարզ կարգավորումը․․․ պարզապես նրանց ստացած հանձնարարությունն է այդպիսին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել