Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։
«Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն և դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք։ Կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ։ Երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված, ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ։
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը»,-որոշումը հրապարակելիս հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։