Լևոն Նիկոլայի Մելքումովը ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների վաստակաշատ դեմքերից է, պետական, կուսակցական հայտնի գործիչ: Ծնվել է 1924 թվին Սամարղանդ քաղաքում (Ուզբեկստան), առևտրի ոլորտի աշխատողի ընտանիքում: 1942 թվականին տեղի միջնակարգն ավարտելուց հետո անցել է զինծառայության: 1945-ին զորացրվելուց հետո ընդունվել ու ավարտել է հայրենի քաղաքի ժողտնտեսության ինստիտուտը: 1946-ին ընտրվել է ուսհաստատության կոմերիտական կազմակերպության քարտուղար, իսկ 1949-ից արդեն Սամարղանդի մարզկոմի քարտուղարն էր կադրերի գծով:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։
«1950-ի ապրիլից Լևոն Մելքումովը անվտանգության աշխատակիցների շարքում էր: Սովորել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցում: Ավարտելուց հետո (1952) Ուզբեկստանի ՊԱԿ-ում ղեկավարել է տարբեր ստորաբաժանումներ, որոնց հաջորդել է վեցամյա պաշտոնավարությունը Սամարղանդի մարզում որպես պետի տեղակալ: Այնուհետ հրավիրվել է հանրապետության ՊԱԿ-ի կենտրոնական ապարատ, նշանակվել 2-րդ վարչության (հակահետախուզություն) պետի տեղակալ (1966-1968), ապա` պետ (1968-1970):
1970 թվականից Լևոն Նիկոլաևիչն Ուզբեկստանի ՊԱԿի պետի տեղակալն էր, 1975-ից` առաջին տեղակալը: 1978 թվականի մարտին նշանակվել է հանրապետության պետանվտանգության կառույցի ղեկավար, պաշտոնավարել մինչև 1983 թվականի օգոստոսը: Նա երկրում աղմուկ հանած հայտնի «Բամբակի գործի» գլխավոր նախաձեռնողներից էր: 1979-1984 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տասներորդ գումարման նստաշրջանի պատգամավոր:
1983 թվականին հետևում է Մելքումովի նոր նշանակումը, նրան է վստահվում Չեխոսլովակիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կից ԽՍՀՄ ՊԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, պաշտոնավարել է մինչև 1986-ի դեկտեմբերը, որից հետո անցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործող ռեզերվ:
1987-ի կեսերին հետևում է մեր հայրենակցի նոր նշանակումը` ԽՍՀՄ պետկոմիտեի նախագահին կից հիդրոմետեորոլոգիայի ու բնական միջավայրի հսկողության խորհրդական: 1991 թվականի սեպտեմբերից Լևոն Նիկոլայի Մելքումովն անցնում է տարիքային թոշակի: Մահկանացուն կնքել է 2006 թվականին, հուղարկավորված է Մոսկվայում:
Անվտանգության մարմիների և պետական անվանի գործիչը 1972-ից կրել է գեներալ-մայորի, 1981-ից գեներալ-լեյտենատի ուսադիրները: Պարգևատրված է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, 20 մեդալով, «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշանով:
ԽՍՀՄ-ով մեկ աղմուկ հանած «Բամբակի գործով» քննություն իրականացրած ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ կարևոր գործերի քննիչներ Թելման Գդլյանին ու Նիկոլայ Իվանովին մեծապես օժանդակած Լևոն Մելքումովը, չվստահելով տեղի կադրերին, համատեղ որոշմամբ գործի մեջ ներառել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի Տաշքենդի դպրոցի կուրսանտներին: Սույնի կապակցությամբ մեջբերում ենք այդ ժամանակ դպրոցում ուսանած Հրանտ Եպիսկոպոսյանի հրատարակման պատրաստվող «Լեյտենանտից գեներալ-լեյտենանտ» գրքից փոքրիկ հատված:
«…1981 թվի օգոստոսին ես դարձա ՊԱԿ-ի աշխատակից: Երկու տարի աշխատելուց հետո ինձ գործուղեցին ԽՍՀՄ ՊԱԿ-ի Տաշքենդի բարձագույն դպրոց: Մի քանի ամսվա ուսանող էի, երբ տագնապի ազդանշանով գիշերով հավաքեցին ակումբում: Այստեղ ես առաջին անգամ հանդիպեցի ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ կարևոր գործերի քննիչ Թելման Գդլյանին, ով Ուզբեկստանում իրականացված բացահայտումներով երկրի իրավապահ համակարգի համար իրապես դարձավ լեգենդար անձնավորություն:
Նշեմ, որ խորհրդակցությանը մասնակցում էր ու մուտքի խոսքով հանդես եկավ Ուզբեկստանի պետանվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ, մեր հայրենակից Լևոն Նիկոլայի Մելքումովը, ումով հայ կուրսանտներս առանձնակի էինք հպարտանում: Առանձնապես է տպավորվել նրա «Տղաներ, եկել է վճռական գործելու, ժողովրդի ունեցածը ժողովրդին վերադարձնելու ժամանակը» արտահայտությունը, որն արտաբերվեց ազդու տոնով ու որի բուն իմաստին խորապես հաղորդակից դարձանք այն բանից հետո, երբ ներառվեցինք գործողություների մեջ:
Փաստորեն Թելման Գդլյանի և Լևոն Մելքումովի այցը դպրոց ու մեզ հետ հանդիպումը պայմանավորված էին նրանով, որ նրանք ակնհայտորեն չէին վստահում տեղի իրավապահ համակարգի աշխատակիցներին և երիտասարդ կադրերիս ազնվության ու նպատակասլացության մեջ էին տեսնում քրեական գործի հաջողության գրավականը: Այսպես ես ու ինձ հետ մեկտեղ դպրոցի մյուս սաներն աշխատանքային խմբի մաս կազմեցինք` անցնելով գործնական աշխատանքի մեծ փորձառություն:
Իրականացված խուզարկությունների արդյունքում առգրավված գումարները, ոսկեղենն ու նյութական այլ արժեքներն այնպիսի տպավորություն էին թողնում, ասես հայտնվել էինք արևելյան կախարդական հեքիաթում: Այստեղ առաջին անգամ ամենայն խորությամբ հասկացա Խորհրդային Միության կառավարման միֆականությունը, երկրի հիմքերում դրված իրական ականները»»։