ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, ռուս խաղաղապահների լռելյայն աջակցությամբ արգելափակված է ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» կողմից: Սա խափանել է մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120.000 հայերի թողել հումանիտար ծանր պայմաններում:Շրջափակումն ուղեկցվում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի հոսքի կանոնավոր խափանումներով՝ սրելով ճգնաժամը, որն առաջացել է առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների խիստ պակասից, ինչպիսիք են սննդամթերքը, հիգիենայի պարագաները և դեղորայքը, ի թիվս այլոց:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պահանջում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով(6-րդ պարբերություն)։Այն նաև նախատեսում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Լաչինի միջանցքի երկայնքով(3-րդ պարբերություն)։
Ինչպես ցույց տվեցին զարգացումներն ու հետաքննությունները, միջանցքը փակած «ակտիվիստները» կամ տարբեր GONGO-ների, կամ Ադրբեջանի հատուկ ուժերի ներկայացուցիչներ են, և այս շրջափակման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա հետագա ճնշում գործադրելն է և Հայաստանի բանակցային դիրքերը թուլացնելը:
Ճնայած միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների, կառավարությունների, իրավապաշտպանների և մարդասիրական կազմակերպությունների բազմաթիվ հայտարարություններին և կոչերին,շրջափակումը շարունակվում է։
Ելնելով այս հանգամանքից՝ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմը.
– – խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից և իր խաղաղապահ պարտավորություններիկատարման ձախողումը Ռուսաստանի կողմից.
– – կոչ է անում Ադրբեջանին՝ վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և դադարեցնել ադրբեջանական քաղաքացիական հասարակության վարկաբեկումը:Այսկապակցությամբ կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը արտահայտվել իր վարկաբեկման այս ամոթալի արարքի դեմ:
– – ողջունում է Եվրախորհրդարանի կողմից 2023/2504 բանաձեւի ընդունումը, ներառյալ`դրա առաջարկությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարցով հրատապ բանակցություններ վարելու վերաբերյալ:
– – կոչ է անում բոլոր համապատասխան միջազգային գործընկերներինգործադրել լրացուցիչ ճնշման միջոցներ, ինչպիսիք են մոնիտորինգային առաքելությունները, քննությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անտեսում է բոլոր հայտարարությունները, մտահոգության արտահայտությունները և իրավիճակի կառուցողական կարգավորման փորձերը:
– – կոչ է անում բոլոր միջազգային գործընկերներին մշակել և ներդնել լրացուցիչ գործիքներ և մեխանիզմներ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը:
– – կոչ է անում ԵՄ կառույցների գործընկերներին մոբիլիզացնել առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս առումով, ողջունելի է Խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու՝համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
Տեղեկանք․
Եվրամիություն-Հայաստան քաղհասարակությա նՊլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։
Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։