Զինվորական կենտրոնական դատախազության զիինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառի մասին առաջ քաշված նախնական վարկածից բացի, կան նաև այլ վարկածներ։
Հիշեցնենք՝ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստում հայտարարել, թե կացարանում սպան վառարանը վառելու համար ավտոբենզին է օգտագործել, ինչն էլ կրակի տարածման ու հրդեհի պատճառ է դարձել։ Ավելի ուշ այս վարկածն առաջ էր քաշել նաև զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։
Մարտիրոսյանն այս առնչությամբ ասել է, որ ելնելով քրեական վարույթով իրականացվող նախաքննության գաղտնիությունից, շատ մանրամասներ չի կարող հայտնել, սակայն կան նաև այլ վարկածներ․ «Զինվորական դատախազի կողմից ներկայացված այդ վարկածը քննության առարկա դարձվում է, բայց, միաժամանակ, առաջ են քաշվել նաև այլ վարկածներ, և դրանց ստուգման նպատակով այս պահի դրությամբ լայնածավալ քննչական և վարույթային գործողություններ իրականացվում են։ Նախաքննությունը դեռևս սկսնակ փուլում է, և որոշակի վարկածի՝ միանշանակ հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է»։
Դատախազության ներկայացուցիչը հավաստիացրեց՝ նախաքննության առաջնային խնդիրն է ամենասեղմ ժամկետներում ինչպես նշված այդ վարկածի, այնպես էլ գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների բացահայտումը։
Նրա խոսքով՝ «թույլատվության սահմաններում» հանրությունը կտեղեկացվի․ «Գործի բարդությունից, հասարակական հնչեղությունից ելնելով՝ այս պահի դրությամբ միանշանակ կարող եմ նշել, որ քրեական հետապնդման մարմինների առաջնային և հիմնական խնդիրն է ամենասեղմ ժամկետներում այդ առաջ քաշված վարկածը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բազում հանգամանքների, հարցադրումների պատասխանները հստակ ունենալը և հետագայում արդեն փուլ առ փուլ, նաև թույլատվության սահմաններում հասարակությանը ներկայացնելը»։