Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 մլրդ դրամ: Վերոնշյալ տվյալներն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 20-ի համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը: Քննարկվել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Ներկայացնելով հիմնական արձանագրումները՝ Խաչիկ Փափազյանը մատնանշել է տեղեկատվության տրամադրման սահմանափակումները` էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում հաշվառված շահառուների նույնականացման, քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի, բժշկական կազմակերպություններում կամ բժիշկների մոտ հաշվառման վերցնելու կամ արդեն իսկ հաշվառված շահառուների նույնականացման տվյալներն այս միջոցառման շրջանակում պալատին չեն տրամադրվել:

Միջոցառման ֆինանսավորման համար հիմք է հանդիսացել հաշվառված ազգաբնակչության թիվը, որը, ըստ ՀՊ ներկայացուցչի, ոչ միայն հանրապետությունում փաստացի կարիքի գնահատման մասին ձեւավորում է ոչ ճշգրիտ պատկերացում, այլեւ հնարավորություն չի տալիս գնահատելու ծախսված բյուջետային միջոցների եւ ձեւակերպված ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների միջեւ կապը: Զեկուցողը նշել է, որ Առողջապահության նախարարությանն առաջարկվել է ազգաբնակչության թվի փոխարեն որպես արդյունքային ցուցանիշ՝ սահմանել շահառուների իրական թիվը եւ ներդնել մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարբերաբար իրականացնելու շահառուների իրական թվի վերանայում: Նման իրավիճակում հնարավորություն չի եղել գնահատել միջոցառման նպատակային արդյունավետությունը:

Հաշվեքննության ընթացքում նախարարությունը չի տրամադրել բավարար տեղեկատվություն, որը կհիմնավորեր պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների գների ձեւավորման եւ հաշվարկման մեթոդաբանության առկայությունը, չի տրամադրվել նաեւ գների հաշվարկման հանձնաժողովի ձեւավորման, աշխատանքի ընթացակարգի սահմանման, կազմի եւ գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն: Դա հիմք է հանդիսացել եզրակացնելու, որ հաշվեքննությունը ներառող ժամանակահատվածում նախարարությունում չի ներդրվել ու կիրառվել միջոցառման շրջանակում կանխատեսվող ծառայությունների քանակների եւ գների հաշվարկման կիրառելի, հստակ մեթոդաբանություն: Վերոնշյալով պայմանավորված՝ առաջարկվել է այդ ծառայությունների գները սահմանել բացառապես օրենսդրական պահանջների պահպանմամբ՝ հիմքում ունենալով գների հաշվարկման հստակ եւ կիրառելի մեթոդաբանություն:

Զեկուցողը նշել է, որ վերը թվարկված խնդիրները հնարավորություն չեն տվել նաեւ ձեւավորելու կարծիք միջոցառման տնտեսման սկզբունքի ապահովման վերաբերյալ:

Ըստ եզրակացության՝ չնայած օրենսդրորեն սահմանված գների հաշվարկման հանձնաժողովի բացակայությանը, այնուհանդերձ Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել եւ կիրառվել են ծառայությունների մատուցման գներ՝ հիմքում չունենալով որեւէ մեթոդաբանություն եւ դրա հիման վրա կատարված հաշվարկներ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ չեք հետաքրքրվե՞լ, թե այդ դեպքում ինչպես է որեւէ հիվանդության համար սահմանվել որոշակի գին հարցին ի պատասխան՝ Խաչիկ Փափազյանը վստահեցրել է, որ սահմանված ընթացակարգով հետաքրքրվել են, սակայն տեղեկատվություն չի տրամադրվել, կամ այն առնվազն հասանելի չի եղել Հաշվեքննիչ պալատին:

Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը պարզաբանել է, որ հանձնաժողովը 2022 թվականին արդեն ձեւավորվել է, որոշ գներ հաշվարկվել են, որի արդյունքում կատարվել են պետպատվերի շրջանակում փոխհատուցվող ծառայությունների գների համապատասխան փոփոխություններ: 2023 թվականին այդ ծառայությունների շրջանակը, պայմանավորված ապահովագրության ներդրմամբ, ամբողջ ծավալով պետք է իրականացվի, որ համապարփակ ապահովագրության ֆինանսական ծանրաբեռնվածությունը գնահատելու հնարավորություն լինի: Ծրագրում առանձին տողով արձանագրվել է, որ նախարարությունը գնագոյացման մեթոդաբանության հիման վրա պարտավոր է ներդնել գնագոյացման հաշվարկման ավտոմատացված գործիք:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ անդրադարձել է ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ֆինանսավորմանը, որն իրականացվում է՝ ըստ սպասարկվող ազգաբնակչության թվաքանակի (per capita): Նա կարծիք է հայտնել, որ մեթոդաբանությունը պետք է փոխել եւ ֆինանսավորման այլ մեթոդներ մշակել, որը կնպաստի բժիշկների բավարար մոտիվացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, բժիշկների ինքնակրթման հնարավորության մեծացմանը: Գեւորգ Պապոյանը կարեւորել է խնդրի օրենսդրական կարգավորումը:

Պետական առողջապահական գործակալության պետի գնահատմամբ պետք է իրականացվի «ավելի զգայուն» per capita ֆինանսավորում: Գեւորգ Պապոյանն իր հերթին կարեւորել է այցելուների թվաքանակով բժշկին ֆինանսավորելու եղանակը, ինչը, ըստ պատգամավորի, մոտիվացնող նշանակություն կարող է ունենալ:

Ահարոն Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականին ներդրվող բոնուսային համակարգով բժշկի համար որպես լրացուցիչ բոնուսային վարձատրության ցուցանիշ՝ դիտարկվելու է քաղաքացու կողմից կատարված այցելությունների քանակը: «Փորձում ենք հնարավոր մեխանիզմներ ստեղծել, որ բժիշկներն ավելի շահագրգռված լինեն քաղաքացիներին հրավիրելու կանխարգելիչ միջոցառումների»,- փաստել է նա:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով առաջնային խնդիրը ծառայությունների հասանելիության ապահովումն է, նաեւ՝ պահանջարկի կանխատեսումը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն էլ անդրադարձել է եզրակացության արձանագրումներին, նշել, որ այս պահին ԱՐՄԵԴՈՒՄ զգալի առաջընթաց կա, շարունակվում է համակարգի թվայնացումը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են բժիշկներին խրախուսելու եւ պատասխանատվության ենթարկելու մեթոդներին, կանխարգելիչ այցերի կազմակերպմանը, առողջապահական ծառայությունների հասանելիությանը, Հայաստանում մշտապես չբնակվող քաղաքացիների առողջության պետական ֆինանսավորման նպատակահարմարությանը, ընտանեկան բժշկության եւ ոլորտի այլ խնդիրներին:

Գեւորգ Պապոյանը եւ Արտակ Զեյնալյանն արդյունավետ են գնահատել քննարկումները: Կարեւորվել է Առողջապահության նախարարության եւ Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը, ինչը եղած թերությունները շտկելու եւ աշխատանքն առավել բարենպաստ կազմակերպելու հնարավորություն կտա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել