Արցախի շրջափակման 40-րդ օրը. տեղեկագիր

Դադարեցվել են բոլոր դպրոցների աշխատանքները՝ ջեռուցման խնդիրներով պայմանավորված:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 2 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Հունվարի 19-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ:

Հոսանքի հաճախակի տատանումները հրդեհի պատճառ են դարձել:

Հունվարի 18-ին Ստեփանակերտի բնակչի տանը հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելուց հետո պարզվել է, որ այրվում են էլեկտրահաշվիչի լարերը: Շենքը հոսանքազրկվել է, որից հետո հրշեջ-փրկարարները մարել են կրակը:

Օրվա վիճակագրական թարմացումներ

9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 36 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 15,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել