Կառավարությունը հունվարի 12-ի նիստին հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային ժաանակահատվածում, և այս պահին հանրապետությունում առկա է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում:
«Այդ կենտրոններում և դպրոցներում սովորում է շուրջ 50 հազար երեխա, բացի դրանից՝ ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել են 42 հազար և մի փոքր ավելի երեխաներ: Այս հաստատություններում ուսուցումն իրականացվում է նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները:
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ: Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և այլ տեսանկյուններից»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև հավելեց, որ արտադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային են, և այնտեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք, ուստի նախատեսվում է պետական քաղաքականության միջոցով ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության տարբերությունները: Պլանավորվում է՝ հավելավճարները լինեն ֆիքսված գումարների միջոցով:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությանը զուգահեռ՝ կիրականացվեն ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները: