Երևանում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ԱԻՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:

Գործընթացին կներգրավվեն ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 637 աշխատակից: Ձնամաքրման համար կօգտագործվի համայնքային երկու կառույցների 81 միավոր տեխնիկան: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում ներգրավել համատիրություններին, իսկ համայնքը վերջիններին կաջակցի անհրաժեշտ քանակի աղ ու ավազով:

Եթե մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ապա մայթերի մաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Կամո Արեյանը կարևորեց տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ավագանու սահմանած կարգի համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Բազմաբնակարան շենքերի տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման հարցում համայնքին կաջակցի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարչական շրջաններում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքները: Մայրաքաղաքի կրթական օջախներում ու առողջապահական հիմնարկներում էլ աշխատանքներ են տարվում ջեռուցման սեզոնի մեկնարկի ուղղությամբ:

Զեկուցվել է, որ համայնքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն ամբողջությամբ ապահովված են ձմեռային անվադողերով: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է աշխատանքներ տանել նաև քաղաքային երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք ևս պատրաստ լինեն ձմռանը:

Հաշվի առնելով, որ ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է, Պարեկային ծառայությանն առաջարկվել է այդ ուղղությամբ խստացնել հսկողությունը: Կարևորելով թիմային աշխատանքի ապահովումը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ընդգծել է, որ եղած ռեսուրսներն առավելագույնը պետք է պատրաստ լինեն ձմռանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել