Արցախը միշտ կարևորել է սփյուռքի մասնակցությամբ միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների:
Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:
2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր Հայաաստանի Հանրապետության կառավարության և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը ցավով նշում է, որ հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին, ըստ նրա, դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում:
«Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը: Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին»,- եզրափակեց Հարությունյանը: