Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել